Հայաստանը և Իրանը կարևորում են երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը

13.02.2008, 18:28
Հայաստանը և Իրանը կարևորում են երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը
Հայաստանը և Իրանը կարևորում են երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը

Հայաստանը և Իրանը կարևորում են երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը։ Այս մասին հայտարարվել է վարչապետ Սերժ Սարգսյանի Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ։

«Գոհունակություն հայտնելով երկկողմ տնտեսական հարաբերություների մակարդակի առնչությամբ՝ Սարգսյանը և դեսպանը նշել են, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը դեռևս չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակին և ներուժին»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կողմերը կարևորել են նաև այս ուղղությամբ երկկողմ գործնական քայլերի իրականացմանը։

ՀՀ վարչապետը և Իրանի դեսպանը նշել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները, հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում զարգանում են բավականին դինամիկ։ Այս կապակցությամբ նրանք նշել են գիտության, տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում առկա մեծ հնարավորությունները։

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները դեսպանի դիվանագիտական առաքելության իրականացման շրջանում ևս հաջող կերպով կզարգանան։

Նա ընգծել է, որ Իրանը Հայաստանի համար եղել և մնում է կարևոր երկիր, որի հետ բարեկամությունը և համագործակցությունն ունի խոր պատմական արմատներ և հարուստ ավանդույթներ, ինչը ստիպում է միավորել ջանքերը համատեղ ծրագրերի հաջող ավարտի և նոր փոխշահավետ նախաձեռնությունների մշակման համար։

Իր հերթին իրանցի դիվանագետը նշել է, որ նախքան ՀՀ-ում  դեսպան նշանակվելը, շատ անգամ է այցելել Հայաստան, ծանոթ է այստեղ ընթացող գործընթացներին և պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել երկու երկրների միջև հարաբերություների հետագա խորացման ուղղությամբ։
     
Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության պաշտոնական տվյալներով, Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2007թ. կազմել է 180,3 մլն. դոլար՝ մեկ տարվա ընթացքում աճելով 25,1%-ով։ Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 38,6 մլն. դոլար (30,3%. աճ), իսկ ներմուծումը՝ 141,6 մլն. դոլար (23,8%. աճ)։-0-