Հայաստանը հուսով է կրթամշակութային ոլորտում զարգացնել համագործակցությունը Գերմանիայի հետ

12.02.2008, 14:25
Հայաստանը հուսով է կրթամշակութային ոլորտում զարգացնել համագործակցությունը Գերմանիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հուսով է հետագայում զարգացնել Գերմանիայի հետ համագործակցությունը կրթամշակութային ոլորտում, երեքշաբթի հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինի և Գյոթեի ինստիտուտի Թբիլիսիի մասնաճյուղի ղեկավար Վերներ Վյոլիի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կրթության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց դպրոցների միջև համագործակցության ու գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման առկա ծրագրերը։

Փոխնախարարը կարևորեց հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության շրջանակներում Գյոթեի ինստիտուտի ծավալած գործունեությունը, որը սկիզբ է առել 1995 թվականից: Ավետիսյանը ներկայացրեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականցվող լեզվական քաղաքականությունը, որը մի կողմից ուղղված է օտար լեզվի ընտրության հարցում աշակերտի ազատության ապահովմանը, մյուս կողմից` օտար լեզուների համամասնության պահպանմանը:

Իր հերթին դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրեց հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության շրջանակներում առկա և նախատեսվող ծրագրերը:

Վերներ Վյոլն անդրադարձավ հայաստանյան 20 կրթօջախներին տրամադրվող գերմաներեն գրականության, տարածաշրջանում գերմաներեն լեզվի և երկրագիտության ուսուցման խնդիրներին:

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը և Գյոթեի ինստիտուտը նախատեսում են հայկական դպրոցներին որպես նվեր հանձնել գերմաներեն գրքերի մեծ խմբաքանակ՝ 50 հազ. եվրո արժողությամբ։

Հայ-գերմանական ծրագրերի շրջանակներում Գյոթեի ինստիտուտը հայ մանկավարժներին կրթաթոշակներ է տրամադրում՝ Գերմանիայում վերապատրաստում անցնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում սեմինարներ կազմակերպելու համար։ Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ Երևանում գործում է ընթերցասրահ, որն առաջարկում է գրքերի, ամսագրերի, աուդիոնյութերի և  դասագրքերի լայն ընտրություն։--0—