Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ առաջատարի դիրքում է. Populus

11.02.2008, 11:51
Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ առաջատարի դիրքում է. Populus

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահական արշավում առաջատարի դիրքում է, հայտարարել է «Պոպուլյուս» (Populus) բրիտանական սոցիոլոգիական ընկերության տնօրեն Էնդրյու Կուպերը։

 Ընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ ձայնի իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 50.7 տոկոսը կքվեարկեին նրա օգտին, եթե ընտրությունները տեղի ունենային վաղը։ Միաժամանակ Սարգսյանն առաջատարի դիրքում է մեծ առավելությամբ։

Երկրորդ տեղում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, նրա օգտին իրենց ձայները պատրաստ են տալ ընտրողներին 13,4 տոկոսը։ Ձայների 12,6 տոկոսը հավաքած ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է երրորդ տեղում։ Մնացած վեց թեկնածուների օգտին կքվեարկեին ընտրողների 10 տոկոսից ոչ ավելին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ գրանցված ինը թեկնածուներից ոչ ոք չի հանել իր թեկնածությունը, և նրանք բոլորը կմասնակցեն ընտրություններին։ Հարցումները վկայում են այն մասին, որ անցած տարվա համեմատ ընտրողները սկսել են մեծ լավատեսությամբ վերաբերվել իրենց ապագայի և իրենց երկրի ապագայի նկատմամբ։ Քաղաքացիների ավելի մեծ թիվ սկսել է մտածել, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ։ 2007 թ.-ի ապրիլի համեմատ լավատես տրամադրված քաղաքացիների թիվը աճել է 10 տոկոսով՝ կազմելով 53 տոկոս։

Հարցումը անց է կացվել ողջ հանրապետության տարածքում՝ 2008 թ.-ի հունվարի 21-ից 29-ը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության պատվերով։ Հարցմանը մասնակցել է 1500 հարցվող։

 «Պոպուլյուսը»՝ բրիտանական սոցիոլոգիական առաջատար ընկերություններից մեկն է, որի հետազոտությունների բարձր ճշգրտությունը հաստատված է գործնականորեն։ Այսպես, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած վերջին ընտրությունների ժամանակ «Պոպուլյուսի» տվյալների սխալմունքը կազմել է ընդամենը 0.25 տոկոս։

«Պոպուլյուսը» նախընտրական հարցումներ է անցկացնում խոշոր հաճախորդների լայն շրջանակի համար, մասնավորապես՝ BBC-ի, «Թայմզի», Պահպանողական, Լիբերալ-դեմոկրատական և Լեյբորիստական կուսակցությունների համար։-0-