ՌԵՈՒ-ն հաղթել է Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման մրցույթում

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն հաղթել է «Հայկական երկաթուղի» ԲԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում՝ 30 տարի ժամկետով։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը՝ ներկայացնելով ՀԵՈՒ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու հայ-ռուսական հանձնաժողովի նիստի արդյունքները։
Հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթը, որին մասնակցել է միայն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն, ավարտվել է երեքշաբթի։ Երկրորդ մասնակիցը՝ հնդկական RITES ընկերությունը, որը նախաորակավորում է անցել՝ մրցույթին մասնակցելու համար, հրաժարվել է մասնակցել մրցույթին։
«Համաձայն 2007թ. դեկտեմբերի 27-ին հրապարկված ֆինանսական առաջարկի, «ՌԵՈՒ» ընկերությունը հայտարարել է «Հայկական երկաթուղի» ընկերությունում 570 միլիոն դոլար ներդնելու պատրաստակամության մասին, որից 230 միլիոնը՝ մոտակա 5 տարիների ընթացքում։ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության բացման դեպքում ներդրումները կավելանան՝ հասնելով 610 միլիոն դոլարի, Ադրբեջանի դեպքում՝ մինչև 1,2 միլիարդի, իսկ աբխազական հատվածի բացման դեպքում՝ մինչև 2,2 միլիարդի»,-տեղեկացրեց նախարարը։
ՌԵՈՒ-ի առաջարկը Մանուկյանը գնահատեց որպես «շատ լավը»։
«Կարծում եմ, որ ՌԵՈՒ-ն կարող է վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքը, տրամադրել նոր շարժակակազմ, վերանորոգել երկաթուղային դեպոն և կայանները», - ավելացրեց նախարարը։
ՌԵՈՒ-ի նախագահ Վլադիմիր Յակունինն իր հերթին տեղեկացրեց, որ Հայկական երկաթուղին ղեկավարելու է հատուկ այս նպատակի համար Հայաստանում ռուսական ընկերության կողմից ստեղծված հարյուրտոկոսանոց «դուստրը»՝ Հարավ-Կովկասյան երկաթուղին (ՀԿԵՈՒ)։
ՀԵՈՒ-ի ղեկավարման տակ է գտնվում Հայաստանի 1125 կմ երկաթուղու 805 կմ-ը, 2001 թ.-ից ընկերությունը կայուն եկամուտ է բերում։ 2007 թ.-ին ՀԵՈՒ-ի կողմից փոխադրվել է 3 մլն տոննա բեռ՝ 2006 թ. 2,7 մլն տոննայի դիմաց։-0-