ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի երկրներին տրամադրել է 1,9 մլն. եվրո կրթական հաստատությունների համար օպտիկա-մարնաթելային մալուխ վարձակալելու համար

ՆԱՏՕ-ն Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին տրամադրել է 1,9 մլն. եվրո կրթական հաստատություններում գերարագ ինտերնետ կապ ապահովելու նպատակով օպտիկա-մարնաթելային մալուխ վարձակալելու համար։
Ինչպես չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ցանցերի ասոցիացիայի քարտուղար, Հարավային Կովկասի երկրների ՆԱՏՕ-ի խորհրդական Յացեկ Գաևսկին, այս որոշումն ընդունվել է Երևանում նոյեմբերի 12-14-ը տեղի ունեցած «Հայաստանի հետազոտական և կրթական ցանցերը. ձեռքբերումներ, նպատակներ և որոշումներ» խորհրդաժողովում։
Նրա խոսքերով, ծրագիրն իրականացվելու է երեք հարավկովկասյան երկրների կողմից համաֆինանսավորման սկզբունքով, որոնք պիտի ավելացնեն ՆԱՏՕ-ի տրամադրած գումարի 20%-ը, այսինքն՝ մոտավորապես 150 հազարական եվրո։
«Մասնավորապես, Հայաստանն իր կողմից պիտի տրամադրի շուրջ 150 հազ. եվրո։ Եթե հայկական կողմին հաջողվի հայթհայթել այդ գումարը, դա կվկայի տվյալ նախագծում նրա շահագրգռվածության մասին»,-ասաց Գաևսկին։
Նա նշեց, որ ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ «Առաջին փուլը կտևի 2 տարի, և նախատեսում է մալուխի վարձակալում և հայկական համալսարանների ու գիտական հաստատությունների գերարագ ինտերնետով ապահովում»,-ասաց Գաևսկին, հավելելով, որ նախագծի արդյունավետ իրականացման համար Հայաստանը պետք է իր կողմից ապահովի անհրաժեշտ սարքավորումները և կազմակերպի երկու համալսարանների միջև համագործակցությունը։
Նա ընգծեց, որ մալուխի շահագործումը Հայաստանի գիտական և կրթական կառույցներին թույլ կտա արդեն 2008-ի գարնանից օգտվել գերարագ ինտերնետից, որը կունենա վայրկյանում 34 Մբիտ արագություն։
Նրա խոսքերով, երկրորդ փուլը նախատեսում է սեփական մալուխի անցկացում, ինչը կարժենա մոտավորապես 20 մլն. եվրո։ «Դա նշանակում է, որ Հայաստանին մինչ այդ անհրաժեշտ կլինի հավաքել շուրջ 3 մլն. եվրո»,-ասաց Գաևսկին։
«Հայաստանի հետազոտական և կրթական ցանցերը. ձեռքբերումներ, նպատակներ և որոշումներ» խորհրդաժողովում, որը կազմակերպել էր Հայաստանի ԳԱԱ-ն ՆԱՏՕ-ի համագործակցությամբ, մասնակցել են Կովկասի երկրների ազգային հետազոտական և կրթական ցանցերի տնօրենները, փորձագետներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև հեռավոր տարածությունների վրա հեռուստահաղորդակցման ծառայություններ մատուցողներ։–0-