ՀՀ նախկին նախագահի` քաղաքականություն վերադարձի հետևանքով գաղափարական պայքարը Հայաստանում ակտիվանում է
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադարձի հետևանքով գաղափարական պայքարը հանրապետությունում ակտիվանում է։ Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքն արտահայտեց Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։
Նա նշեց, որ պատրաստ է համագործակցել Տեր-Պետրոսյանի հետ՝ փոխզիջումների և որոշ գաղափարական դրույթների համապատասխանեցման պայմանով։
«Տեր-Պետրոսյանը արդեն հանդիպել է բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, բացի ինձանից։ Ես դեռ մտադիր չեմ միավորվել որևէ մեկի հետ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ համագործակցել Տեր-Պետրոսյանի հետ»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքերով, այսօր հայկական քաղաքականության մեջ ձևավորվել է գաղափարական վակուում, որն անհրաժեշտ է լցնել։
«Ես մասնակցելու եմ ընտրություններին, և իմ նպատակը ոչ թե հաղթանակն է, այլ այդ գաղափարական վակուումը լցնելը։ Ինձ համար առաջին հերթին կարևոր է պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը, կարևոր է պաշտպանել նրա ձայները կեղծումից»,- ասաց Հակոբյանը։
Հայաստանի մարքսիստական կուսակցությունը հիմնադրվել է 1998թ.-ին, ունի 16 տարածքային ստորաբաժանում Երևանում և 76՝ մարզերում, ունի մոտ 7,5 հազար անդամ։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. առաջին կեսին։ --0—