Հայաստանի աշխատանքի շուկան բարեփոխման կարիք ունի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի աշխատանքի շուկան բարեփոխման և կառավարման մեխանիզմների արդյունավետության բարձրացման կարիք ունի։ Այս մասին ուրբաթ «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից աշխատանքի շուկայի հետազոտման արդյունքների ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը։
«Անհրաժեշտ է բարելավել աշխատանքի շուկայի հետազոտման մեթոդաբանության արդյունավետությունը, ավելի ակտիվ քաղաքականություն վարել զբաղվածության բնագավառում, որպեսզի պետությունը պայմաններ ստեղծի քաղաքացիների այն խմբի համար, որոնք չեն կարողանում ինքնուրույն աշխատանք գտնել, օրինակ, առաջին անգամ աշխատանք փնտրողների, զորացրվածների, շրջանավարտների, մանկատների սաների համար», - ասաց նա։
Միաժամանակ նախարարը նշեց, որ զբաղվածության բնագավառի կառավարման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է բարձրացնել կենսունակության մակարդակը, ծառայություններն ավելի մատչելի դարձնել բնակչության անապահով խավերի համար։
Վարդանյանն ասաց, որ զգալիորեն այս ամենին կնպաստի նաև Համաշխարհային բանկի կողմից «Հայաստանում սոցիալական պաշտպանության բնագավառի կառավարումը» ծրագրի շրջանակում Հայաստանի աշխատանքի շուկայի հետազոտության անցկացումը։ Նախարարն ավելացրեց, որ այս ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ընդգրկում է ոչ թե մեկ կողմ, այլ կրում է համալիր բնույթ։
Հայաստանի Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանն իր հերթին տեղեկացրեց, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվում է ինչպես զբաղվածության բնագավառը, այնպես էլ նրա կառույցները համակարգող օրենսդրության բարեփոխում։
«Ստեղծվում են աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ, միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցություն է ապահովվում։ Այս ամենը տալիս է իր դրական արդյունքները», - տեղեկացրեց Զբաղվածության պետական ծառայության պետը։
2007 թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գործազուրկների միջին թիվը 84,9 հազ. մարդ է (7,3 տոկոս)։-0-