Հայաստանի նախագահը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի նպատակով

18.09.2007, 10:38
Հայաստանի նախագահը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի նպատակով
Հայաստանի նախագահը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի նպատակով
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության նախագահի նախօրեին ստորագրած կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի նպատակն է ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերի հավաքագրման և գերավճարների կուտակման, ապրանքների ներմուծման և իրացման շղթայում ստվերային շրջանառությունների հարկման միջոցով հարկային հավաքագրումների մակարդակի բարձրացումը։

«Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախագահի աշխատակազմի, կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի, Ոստիկանության,  Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի նախագահի մամուլի ծառայությունից:

Նախօրեին միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանն ասել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է հարկային քաղաքականության խստացման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած մի շարք խորհրդակցություններից հետո:

«Նշելով, որ հանձնաժողովը հետևողական քայլերով և բոլոր շահագրգիռ պետական կառույցների ներգրավմամբ պետք է լուրջ պայքար ծավալի ստվերային շրջանառության դեմ, նախագահն ընդգծել է, որ համախառն ներքին արդյունքի մեջ հարկային եկամուտների տոկոսը պետք է լինի այնպիսին, ինչպիսին քաղաքակիրթ երկրներում է»,- հայտնեցին մամուլի ծառայությունից։:

Ըստ երկրի ղեկավարի, հանձնաժողովն իր գործունեությամբ պետք է լուրջ ազդակ հաղորդի, որ «չկան անձեռնմխելի մարդիկ, ոլորտներ և որևէ տանիք որևէ մեկի համար չի կարող ծառայել, պետք է աշխատել միմիայն օրինական դաշտում»:

Նախագահի խոսքով,  այսօր կան երևույթներ, որոնք չեն կարող լինել առանց պետական կառույցների հովանավորչության:

«Հովանավորչություն իրականացնողները պետք է բացահայտվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-շեշտել է նա:-0-