Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել կառավարող իսլամամետ կուսակցության ներկայացուցիչը
Հինգշաբթի Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է ընտրվել 64-ամյա Քեքսալ Թոփթանը, որը ներկայացնում է կառավարող իսլամամետ Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ)։
Քվեարկության հենց առաջին փուլում, որը կայացավ 550-հոգանոց մեջլիսում, նա հավաքեց 450 ձայն, ինչն ավելի է ընտրությունների առաջին փուլում թեկնածու ընտրելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունից (367 ձայն), տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱԶԿ-ն, որը ղեկավարում է վարչապետ Թայիպ Էրդողանը, հաղթել է Թուրքիայում հուլիսի 22-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում և նոր խորհրդարանում ստացել է մանդատների մեծամասնությունը։
ԱԶԿ ղեկավարությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում Թոփթանի թեկնածությունն առաջադրել է որպես փոզիջումային տարբերակ, քանի որ նա, ի տարբերություն այդ կուսակցության մեծամասնության, չունի իսլամիստական անցյալ (չի անդամակցել կրոնական ուղղվածությամբ կուսակցությունների)։
Թոփթանը թուրքական մեջլիսի պատգամավոր է ընտրվում յոթերորդ անգամ, ավելի վաղ նա երեք անգամ զբաղեցրել է նախարարական պաշտոններ (նախարար առանց պորտֆելի, կրթության և մշակույթի նախարար), ղեկավարել է խորհրդարանական օրենսդրական հանձնաժողովը։
Թուրքական խորհրդարանի նոր խոսնակը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ --0—