ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini հունական օրաթերթին տված հարցազրույցում։
«Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը», – ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն ուղղված է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի ամբողջական բացմանը:
«Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Մենք իրապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա։ Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումներն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ», – ասել է ՀՀ վարչապետը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում