Ադրբեջանը կարող է հրաժարվել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

22.04.2022, 14:37
Ալիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է մոտ ժամանակներում սկսել կոնկրետ բանակցություններ Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար
Ադրբեջանը կարող է հրաժարվել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը պաշտոնապես կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը Բաքվի հետ չստորագրի խաղաղության պայմանագիր։ Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Շուշիում ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների V համագումարի ժամանակ։

«Հայաստանում պարբերաբար գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերը պետք է իմանան, որ դա (Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, ՏԱՍՍ) նրանց միակ ելքն է և նույնիսկ վերջին շանսը։ Եթե դրանից հրաժարվեն, ապա մենք կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դրա մասին պաշտոնապես կհայտարարենք։ Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմը` հայկական կողմը պետք է լավ հասկանա, թե ինչի կհանգեցնի նման քայլը», – ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է մոտ ժամանակներում սկսել կոնկրետ բանակցություններ Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։–0–