«Ադրբեջանի հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա». Փաշինյանը` ՌԴ փոխվարչապետին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Օվերչուկը ՀՀ փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ միասին տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են։
Վարչապետը ողջունել է պարոն Օվերչուկի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ընթացիկ օրակարգը:
«Ցանկանում եմ նշել, որ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային հանձնաժողովի աշխատանքը: Հույս ունեմ, որ մեզ ի վերջո կհաջողվի հանգել կոնկրետ լուծումների», –նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններին, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը:
«Բայց ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում մեր աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ մեր եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա», – ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, տպավորությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել իր ընկալումները հանձնաժողովին։
«Եվ դա, իհարկե, անընդունելի է մեզ համար», – ընդգծել է Փաշինյանը` ևս մեկ անգամ հաստատելով, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ ու ապաշրջափակմամբ:
«Բազմիցս եմ հրապարակային հայտարարել, որ մենք պատրաստ ենք գնալ կոնկրետ լուծումների, որոնց էությունը պետք է լինի հետևյալը. Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող: Մեր փաստաթղթերում խոսվում է տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումն այսպիսին է, ի՞նչ ենք մենք առաջարկում. երկաթուղային կապերը, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, պետք է վերականգնվեն և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապող, դրանք նույնպես պետք է վերականգնվեն: Մենք պատրաստ ենք գնալ այսպիսի լուծումների: Մենք ունենք կոնկրետ առաջարկություններ, և շատ կարևոր է ընդգծել, որ համաձայն հունվարի 11-ի հայտարարության, և մենք այդ մասին բազմիցս ենք խոսել, պետք է նաև բանակցենք մաքսային հսկողության, ֆիտոսանիտարական հսկողության, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ: Դա այն է, ինչ ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի մեր հայտարարություններում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է, պատրաստ է, և հույս ունենք, որ մոտ ապագայում այդ հարցերով կհաջողվի գալ կոնկրետ լուծումների: Մենք տրամադրված ենք կառուցողական»,- նշել է վարչապետ Փաշինյանը:–0–