Ռուսաստանին անհանգստացնում է «եռացող» իրավիճակը Հայաստանում. Լավրով

03.09.2018, 15:27
Ռուսաստանին անհանգստացնում է, որ իրավիճակը Հայաստանում «շարունակում է եռալ»:
Ռուսաստանին անհանգստացնում է «եռացող» իրավիճակը Հայաստանում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանին անհանգստացնում է, որ իրավիճակը Հայաստանում «շարունակում է եռալ», հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Лайф.ру–ն։

«Մեզ անհանգստացնում է, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ, մասնավորապես, հետաքնվում են 10 տարվա վաղեմության դեպքերը, իրականացվում են ձերբակալություններ», – ասել է Լավրովը։

Միաժամանակ նա հավելել է, որ դա Հայաստանի ներքին գորն է։

«Ցանկանում ենք, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և սահմանադրության ամուր հիմքի վրա, ինչպես նաև շուտափույթ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործական խնդիրների վրա», – ասել է Լավրովը։

Ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ի լույս գիշերը որոշում է կայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել «Մարտի 1»–ի գործով։ Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ 

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-