ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կվավերացվի և ուժի մեջ կմտնի մինչև հունիս, երկուշաբթի ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` ամփոփելով 2017 թ.–ի արդյունքները։
Նախարարը նշեց, որ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանն ու ԵՄ–ն հասան որոշակի մակարդակի, ինչից հետո հարկավոր է ամփոփել ձեռքբերումներն ու ուրվագծել առաջիկա տարիների քայլերը։
«Հիմա մենք կենտրոնանում ենք այս կարևոր փաստաթղթի վավերացման գործընթացի վրա։ Հայաստանը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում, որպեսզի փաստաթուղթը վավերացվի մինչև ապրիլ, սակայն մենք արդեն մեկ քայլ առաջ ենք և հուսով ենք, որ փաստաթուղթն անարգել կվավերացվի ԵՄ բոլոր երկրների կողմից», – ասաց Նալբանդյանն ու ավելացրեց, որ դրանից հետո կմեկնարկի պայմանագրի իրականացման փուլը, որը երկիրը, ամենայն հավանականությամբ, կսկսի մայիսի 1–ից կամ հունիսի 1–ից։
Նալբանդյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է ջանքեր գործադրել եվրոպական բոլոր երկրների հետ համագործակցության զարգացման և ընդլայնման ուղղությամբ։ Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովի շրջանակում։ Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ բոլոր 28 անդամ երկրներն ու Հայաստանը կվավերացնեն այն։–0–