Թուրքական F-16-երը Ադրբեջանում են հայտնվել Վրաստանի օդային տարածքով. ՀՕՊ փոխհրամանատար

15.10.2020, 18:18
Թուրքական F-16-երը Ադրբեջանում են հայտնվել Վրաստանի օդային տարածքով. ՀՕՊ փոխհրամանատար
Թուրքական F-16-երը Ադրբեջանում են հայտնվել Վրաստանի օդային տարածքով. ՀՕՊ փոխհրամանատար

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքական F16-երը Ադրբեջանում են հայտնվել Վրաստանի օդային տարածքով, այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:

 «F 16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, որոնք Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիս ամսին թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին և ուսումնավարժանքային ակտիվ թռիչքների ժամանակ՝ հիմնականում թիրախավորել են Գյանջա-Վարդենիս, Գյանջա- Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները»,- հայտնել է նա:

Նրա խոսքով, զորավարժություններից հետո ինքնաթիռները չեն վերադարձել Թուրքիայի տարածք:

Մովսեսյանը նշել է, որ պատերազմի հենց սկզբից թուրքական F 16-երն ակտիվ ներգրավված են եղել Ադրբեջանի ԶՈւ խնդիրների կատարմանը, այն է՝ ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքների և օբյեկտների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը:

Բացի այդ, նրանց կողմից ոչնչացվել է ՍՈւ-25 գրոհիչը:

Պատերազմի հենց սկզբից թուրքական F 16-երն ակտիվ ներգրավված են եղել Ադրբեջանի ԶՈւ խնդիրների կատարմանը, այն է՝ ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքների և օբյեկտների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը

«Հայաստանի կողմից միջադեպի մասին բարձրաձայնելուց հետո, իրենց գործողությունները թաքցնելու նպատակով, թուրքական կողմը հոկտեմբերի 3-ին իրականացրել է F-16 ինքնաթիռների վերատեղակայում Գաբալայի օդանավակայան և դրանից հետո սկսել են գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ համատեղ»,- նշել է Մովսեսյանը:

Մասնավորապես, նրա խոսքով, ամեն օր 2 կամ 4 հատ F-16 է օդ բարձրանում և հերթապահության դիրք զբաղեցնում Մինգեչաուրի ջրամբարի վրա, որից հետո օդ են բարձրանում հեռավոր ռադիոլոկացիոն հետախուզման և ուղղորդման ԱԹՍ-ները Թուրքիայում, նաև Արարատ լեռան վրա, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում, օդ են բարձրանում նաև ադրբեջանական ՍՈւ 25 գրոհային ինքնաթիռները: ՀՀ ԶՈւ դիտարկումների համաձայն, ադրբեջանական ինքնաթիռների մի զույգն այդ ընթացքում ուղղություն է վերցնում դեպի Մինգեչաուրի ջրամբար և զբաղեցնում են F-16-ի հերթապահության դիրքերը, իսկ F-16-երը ժամանած նոր ՍՈւ 25-երի հետ հարվածներ են հասցնում Մարտակերտի բնակավայրերին:-0-