+16
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան

13:09
16 Մարտի 2023

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան նիստի օրակարգի քննարկումը, երկրի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակմանը և ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության նախապատրաստություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է կանխարգելիչ լրացուցիչ միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի շրջանակում տարվող աշխատանքները:

Ինչպես նշել է Փաշինյանը, ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակված որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված:

«Միևնույն ժամանակ տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից: Սրա վերջին աղաղակող դրսևորումը Լեռնային Ղարաբաղի ոստիկանության 3 աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից սույն թվականի մարտի 5-ին: Ոստիկանները, հիշեցնեմ, ծառայողական նպատակներով մարդատար ավտոմեքենայով ուղևորվում էին Լեռնային Ղարաբաղի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր», – նշել է Փաշինյանը:

Նա նշել է, որ հերթական այս միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Նա կարևոր է համարել արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում՝ դեպքի մանրամասները պարզելու համար: Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում:

«Ինչպես հիշում եք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև 5 կիլոմետր լայնությամբ տարածք, անվտանգության գոտի: Հետևաբար, մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած սպանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում են պարունակում. խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կիլոմետրանոց գոտին», – նշել է Փաշինյանը։


Նրա խոսքով, Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում, և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա:

«Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Այս արձանագրումը մեծ հաշվով առկա է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ, որտեղ հստակ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքներ: Այս իմաստով կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս մասին Արտաքին գործերի նախարարությանը տվել եմ համապատասխան հանձնարարականներ», – նշել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ: Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումներն անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել: Հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն:

«Ինչպես նշեցի նախորդ օրը տեղի ունեցած իմ ասուլիսում, այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի: Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց», – նշել է նա:

Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը, այո՛, արդարացված է: Բայց Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։ Այդպիսի մեխանիզմ է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

«Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին: Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել, մեջբերում եմ՝ «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ Լեռնային Ղարաբաղ բանակային զորախումբ ուղարկելու մասին», - ասված է Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված նամակի, գրության մեջ:

Դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես արձանագրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը:

Նախկինում մի քանի անգամ այս մասին խոսել եմ, բայց հիմա ուզում եմ կրկնել. մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին:

Ընդ որում, ես որևէ կանխավարկած չունեմ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ: Պարզապես վերջին ավելի քան երկու տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես, օրինակ, Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողություններն անհանգստացնում են: Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը՝ այն բանում, որ Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար», – ասել է Փաշինյանը:

Նա նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններում անհանգստացնում է նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար:

«Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման: Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին:

Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից: Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել մեկ այլ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը: Հիշեցնեմ՝ եռակողմ հայտարարության 7-րդ կետում ասվում է, մեջբերում եմ՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ես Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել եմ՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:

Ի դեպ, այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չենք բարձրացնում: Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին: Բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների՝ էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներն ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում», – ասել է նա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
08:43
22 Մարտի 2023
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
10:32
14 Մարտի 2023
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
22:17
10 Մարտի 2023
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
14:23
09 Մարտի 2023
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
09:53
06 Մարտի 2023
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա. ՎԻԴԵՈ
15:46
05 Մարտի 2023
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր. ՖՈՏՈ