Երեխայի մոտ գերակշռող են գանգուղեղային տրավմաները. ԲԿ-ի տնօրենը՝ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է գիշերը բուժկենտրոն տեղափոխված 13-ամյա աղջկա վիճակի մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը հայտնել էր, որ Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս 13-ամյա դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Երեխան տեղում վիրահատվել էր: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։
Նրա խոսքով, երեխայի մոտ քիչ առաջ կատարվել է կոնտրոլ կրկնակի պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա, որը հաստատել է, որ երեխան ունի մի շարք ծանր վնասվածքներ, այդ թվում ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, քթի բազմակի ոսկորների կոտրվածք, կրծքավանդակում արյան կուտակում:
«Երեխան շարունակում է մնալ արհեստական շնչառության ներքո՝ ինկուբացված վիճակում: Այժմ վիճակը կայուն է: Շարունակվող արյունահոսություն կամ որևէ այլ հրատապ միջամտության ցուցմունքներ չունենք»,- նշել է Դալլաքյանը՝ հավելելով, որ երեխայի մոտ տարվում է ինտենսիվ, կոմպլեքս բուժում:
Բժշկը հայտնել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, և նրա մոտ այսօր գերակշռող են գանգուղեղային տրավմաները:
Նաև Դալլաքյանը հայտնել է, որ հարազատների կողմից տեսակցում դեռ չի եղել:
Լրագրողների հարցին, թե արդյոք երեխայի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, բժիշկը նշել է, որ երեխայի վիճակը ծանր է և հետագա բուժման ընթացքը ցույց կտա:
«Հենց առաջին վայրկյանից երեխայի մոտ եղել են ծանր բազմակի վնասվածքներ, որոնք լուրջ են, և հիմա գանգուղեղային տրավման բավականին լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս: Երեխան դեռ անգիտակից վիճակում է, և պրոգնոզը կերևա ընթացքում, թե ինչքանով է ախտահարված գլխուղեղը և ինչպիսի հետզարգացումներ կունենա ինտենսիվ տարվող բուժման ֆոնի վրա»,- նշել է բժիշկը: -0-