ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեի երեկոյան հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված, այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 հրշեջ-փրկարար, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 15 աշխատակից, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության 5 աշխատակից և Վահագնաձոր գյուղի բնակիչներ:
Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Ուրբաթ առավոտյան ժամն 08:00-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 09:30-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է: -0-