Շտապօգնության մեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել (ՖՈՏՈ)

14.01.2026, 11:29
Վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն. ՖՈՏՈ
Շտապօգնության մեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի/Նովոստի-Արմենիա/ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

 Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 05:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները և  ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ նշված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրի «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու նշված հիվանդանոցից բուժառու էին տեղափոխել Երևան ու վերադառնում էին «Բերդ» բժշկական կենտրոն։

скорая