Շան հարձակման պատճառով վիճել են ու ծեծել տղամարդուն

21.03.2025, 12:30
Շունը հարձակվել է կնոջ վրա, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շատ տիրոջ հետ
Շան հարձակման պատճառով վիճել են ու ծեծել տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 17-ին, ժամը 12.29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել: Նա հավելել է, որ ամուսինը արնաշաղախ է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մեկնել են Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններ ու պարեկներ:

Ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամուսնու հետ վիճել են Աբովյան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, նրա 17-ամյա որդին և 34-ամյա եղբայրը:

Վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով մի քանի հարված են հասցրել ամուսնուն, ապա 17-ամյա որդին տնից բերել է գազային ատրճանակ, պահել նրա վրա, հնչեցրել հայհոյանքներ և կրակել օդ:

Որդին, հայրը և նրա եղբայրը ձերբակալվել ու տեղափոխվել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Մարտի 17-ին խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և դատարանի որոշման հիման վրա մարտի 19-ին կատարված խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է գազային ատրճանակը, որով 17-ամյա որդին կրակել էր օդ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: