Կոտայքում հայտնաբերվել է կորած 75-ամյա կնոջ դին

09.05.2020, 13:10
Կոտայքում հայտնաբերվել է օրեր առաջ կորած 75-ամյա կնոջ դին

Կոտայքում հայտնաբերվել է կորած 75-ամյա կնոջ դին

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 9-ին, ժամը 09։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զինվորական Կոմիսարիատի բաժանմունքի մոտակայքում դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ զինվորական կոմիսարիատի Հրազդանի բաժանմունքի մոտակայքում՝ Աղբյուրակի ջրամբարում, հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի դին (ծնված 1945 թ.)»,- նշվում է հայտարարության մեջ։

Ծաղիկ Զ.-ի դին մոտեցրել են ջրամբարի ափամերձ հատված տեղի ուժերով, փրկարարները դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Ջրափրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը ժամը 17:00-ին դադարեցվել է անարդյունք:

Մայիսի 5-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ վերսկսել է որոնողական աշխատանքները, որը ժամը 17:58-ին ավարտվել է անարդյունք:

Մայիսի 6-ին ժամը 10։21-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետում և մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն Աղբյուրակի ջրամբարում, Հրազդան գետում և մոտակայքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

Մայիսի 8-ին, ժամը 10։54-ին Հրազդան գետի մոտակայքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։-0-