Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել. հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է. ԶԼՄ

19.05.2023, 11:48
Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել, ԶԼՄ–ները հայտնում են, որ հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է
Երևանում առավոտյան կրակոցներ են հնչել. հոսպիտալացվածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում այսօր առավոտյան կրակոցներ են հնչել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։

Ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։

Կայքի տեղեկություններով, դեպքի վայրից 1 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։

Դեպքի փաստով է քննչական խումբ, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները մոտ 500 մետր հեռավորության վրա՝ Պարսեղովի փողոցում, հայտնաբերել են Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա է կրակոցի 3 հետք, վարորդի և նրա հետևի, ինչպես նաև բեռնախցիկի ապակիները կոտրված են։

Կայքի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Դավիթաշենի թաղապետի տեղակալին, ով եղել է ղեկին։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև արյան հետքեր։

Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին ոստիկանությունից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քներական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ)։–0–