Երևանի առանցքային խճուղիներից մեկը փակ է փլուզման հետևանքով (ՎԻԴԵՈ)
10:25
20 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով, երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է․ տուժածներ չկան։