ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Չելյաբինսկի մարզում բացահայտվել է հանցագործություն, որը ցնցել է ողջ երկիրը։ 33-ամյա Եկատերինան փախել է մոլագարի գերությունից, ով առևանգել էր նրան 14 տարի առաջ երկաթուղային կայարանում։ Եկատերինան այս ամբողջ ընթացքում դիմացել է բռնություններին և սպառնալիքներին։ Մոլագարի տան հետնաբակում հայտնաբերվել են ևս մի քանի մարդկային աճյուններ, հայտնում է
astv.ru–ն։
Ինչպես հաղորդում է Baza Telegram ալիքը, 2009 թվականին Եկատերինան (19 տարեկան) հանդիպել է 37-ամյա Վլադիմիրին, ով առաջարկել է իր հետ գնալ Սմոլինո գյուղ։ Աղջիկը համաձայնել է՝ չկասկածելով, որ տղամարդը պատրաստվում է պատանդ պահել իրեն։ Հասնելով Սմոլինո՝ Վլադիմիրն աղջկան փակել է սենյակում, որի պատուհաններին եղել են ճաղավանդակներ և սպառնացել է բռնություն կիրառել։
14 տարի շարունակ չարագործը պարբերաբար ծաղրել է զոհին, իսկ տղամարդու մայրն ապրել է նույն տանը և ոչինչ չի արել։ 2010 թվականին Վլադիմիրը Եկատերինային ծանոթացրել է մեկ այլ աղջկա հետ, որին ներկայացրել է որպես իր «կին»։
Ըստ տուժողի՝ մի անգամ տղամարդն ու նրա «կինը» (Վլադիմիրը ստել է օրինական կապի մասին) վիճել են, քանի որ վերջինս փորձել է օգնություն կանչել։ Տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել նրան։ Այնուհետև մասնատել է և մարմնի մասերը թաղել է տարածքում։ Տան բակում հայտնաբերվել են ոսկորներ և գանգեր՝ ժանգի հետքերով։ Մահը, հնարավոր է, վրա է հասել մուրճի հարվածից։ Այս դեպքը դարձել է ևս մեկ առանցքային գործոն, թե ինչու Եկատերինան վախենում էր դիմել օգնության կամ գրավել որևէ մեկի ուշադրությունը։
Ըստ Եկատերինայի, Վլադիմիրը հաճախ հարվածում էր իր գլխին, ընդ որում այնպես, որ բոլոր կարևոր տվյալները «դուրս էին թռչում» նրա գլխից` հարազատների կոնտակտները, նա չէր կարողանում զանգահարել քրոջը: Երբ տղամարդը գնում էր տնից, նա կապում էր աղջկան, իսկ բերանը` փակում ժապավենով։ Առևանգողը Եկատերինային բաց էր թողնում միայն տնային աշխատանքների համար. աղջիկն օգնում էր մորը, եփում–թափում։
Հարևանները չէին կարողանում «գլխի ընկնել», թե ինչ է կատարվում. տունը շրջապատված էր ցանկապատով, իսկ ինքը՝ Վլադիմիրը, հազվադեպ էր դուրս գալիս։
Եկատերինան պատմում է, որ օգնություն չի խնդրել և երկար ժամանակ վախեցել է փախչել, քանի որ Վլադիմիրը միշտ դանակով հետևում էր նրան։ Բացի այդ, նա հիշում էր, թե ինչպես են ավարտվել Վլադիմիրի «հարաբերությունները» «կնոջ» հետ։
Այս տարվա հուլիսին մայրը շտապ օգնություն է կանչել որդու համար, ով հարբած վիճակում սպառնացել է նրան էլ սպանել։ Բժիշկները նրան տարել են հոգեբուժարան, իսկ Եկատերինան պարզել է, որ իր սենյակի դուռը կողպված չէ։ Վլադիմիրի մայրը աղջկան հնարավորություն է տվել հեռանալ տնից։ Եկատերինան նախ կարողացել է գտնել քրոջը, ով նրա հետ գնացել է ոստիկանություն։
Առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել։ Կասկածյալը կալանավորվել է։–0–