ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր` սեպտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած Կենտրոնի ոստիկանության ծառայողները պարզել են՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։
Ըստ բժիշկների՝ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում, հետո շարունակվել է փողոցում, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի հրազենից մի քանի անգամ կրակոցներ է արձակել Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի ուղղությամբ։
Դեպքի վայրի զննությամբ քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-