430.32
5.73
396.02
-9
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Պեմզաշենում. հրապարակվել են սարսափելի դեպքի բոլոր մանրամասները (ՎԻԴԵՈ)

19:45
17 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Պեմզաշենում կնոջ և նրա երկու երեխաների դաժան սպանության մանրամասները:

2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտներ բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՜ աշխատավայրում, թե՜ դպրոցում։
«Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, թեկուզ 10 րոպե ուշացման դեպքում միշտ տեղեկացնում էր։ Ինձ համար շատ արտառոց թվաց։ Դրա համար 3-4 անգամ զանգեցի, չպատասխանեց, հետո հաշվապահի միջոցով զանգ տվեցի աղջկան։ Աղջիկը ևս չպատասխանեց, նորից զանգեցի, չպատասխանեց։ Բուժքրոջը կանչեցի, զանգեց իր ամենամոտ հարևանին»,-պատմում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։

«Երեխաներն առավոտյան չէին ներկայացել առաջին ժամին։ Մեզ մոտ, որպես կանոն, առավոտյան աշակերտների հաշվառումից հետո դասղեկները տեղյակ են պահում, որ այս դասարանում այսքան բացակա ունենք։ Ներկայացվեց նաև այդ երկու աշակերտների բացակայության մասին։ Անհանգստացած՝ փորձեցինք կապ հաստատել ծնողի հետ։ Զանգերը մնացին անպատասխան»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։

«Ժամը 12-ի կողմերը հիվանդանոցից զանգեցին, ասացին գործի չի եկել Զարինեն։ Ես էլ գնացի տեսնեմ, թե որտեղ կլինի՝ տանը, հարևանի տանը կամ մեքենայով տեղ է գնացել։ Դուռը, պատուհանները խփեցի, չբացեցին: Մյուս դուռը ցելոֆանով փակած էր, ճղեցի, դուռը բացվավ, կահույքը հրեցի, ներս մտա։ Ներս մտնելուն պես տեսա, որ բոլորը մահացած էին…»,-պատմում է հարևանուհին՝ Ռուզաննա Ադամյանը։

Քանի որ տան դուռը կողպված էր, հարևանուհին ներս էր մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ մեկ այլ դռնով։ Դիակները հայտնաբերելուց հետո գյուղացիները «911» ծառայություն, շտապօգնություն և ոստիկանություն էին զանգել։

Ժամը 12․30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Պեմզաշենի 1-ին փողոցի 10-րդ տանը հայտնաբերեց 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի դիակները։
Մարմինների վրա կային կտրած-ծակած վնասվածքներ, կապված էին մոր ձեռքերը, իսկ որդու ոտքերն ու ձեռքերը։

Առանձնակի դաժանությամբ կատարված և հասարակական մեծ հնչողություն ստացած հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով Պեմզաշեն մեկնեցին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողներ և դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցներ։

«Հանցագործության բացահայտման նպատակով տեղում կազմվել են օպերատիվ խմբեր, որոնց միջոցով անց են կացվել օպերատիվ հարցումներ համայնքի բոլոր բնակիչների շրջանում։ Միաժամանակ մեր կողմից վերծանվել են դեպքի վայրի մոտակայքում առկա բոլոր տեսանկարահանող սարքերը»,-ասում է ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արտյոմ Մաթիլյանը։

Բացահայտման աշխատանքների ընթացքում քննարկվեցին տեղի ունեցածի մի շարք վարկածներ։ Համադրելով հավաքագրված փաստերը՝ ոստիկանները հանգեցին եզրակացության, որ հանցագործը կամ հանցագործները նույն գյուղից են։
«Շարունակելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մեր կողմից վեր են հանվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան շեղումներ ունեցող անձանց տվյալները»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։

Մինչ որոշ ԶԼՄ-ներ հայտնում էին՝ իբր տեղի է ունեցել դիվերսիա և հանցագործները այլ երկրից են, իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում արդեն կար կասկածվողների շրջանակ։ Ի դեպ, բացահայտման շուրջօրյա աշխատանքներում ոստիկանության հետ սերտ համագործակցության մեջ էին ինչպես իրավապահ տարբեր կառույցներ, այնպես էլ ողջ համայնքը։

Կասկածյալների շրջանակն աստիճանաբար նեղանում էր, և նոյեմբերի 12-ին Արթիկի Բաղրամյան փողոցում, սպանություններ ու գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց Պեմզաշենի 32-ամյա մի բնակիչ։ «Նրա հետ անցկացված հարցման ընթացքում նկատեցինք ուսի շրջանում թարմ մարմնական վնասվածք, որը նման էր կտրած-ծակած վերքի»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։

32-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնեց, որ վնասվածքը ստացել է իր տանը շինարարական աշխատանքներ կատարելիս՝ լինգով։ Նաև ոստիկաններին ներկայացրեց լինգը։ Տղամարդու վարքը կասկածելի էր, իսկ ուսի թարմ վնասվածքը նման էր ոչ թե լինգի, այլ կտրող-ծակող ինչ-որ առարկայով հասցված վերքի։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ 32-ամյա պեմզաշենցին դեպքից ժամեր անց եղել է Երևանում։

«32-ամյա տղամարդը նախ չընդունեց, որ եղել է Երևանում, որ առնչություն ունի դեպքի հետ, սակայն անհերքելի փաստերի ճնշման տակ, ինչպես նաև բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանեց ամբողջ կատարածը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։

Ըստ պեմզաշենցի 32-ամյա տղամարդու՝ նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։

Ըստ նախնական տվյալների՝ միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:

Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։

Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։

Աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ հափշտակել էր, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել։ Գնացել էր տուն, հանել արնոտված կոշիկները, իսկ հանցագործության գործիք դանակը դրել խոհանոցի դարակներից մեկում։

Ըստ 32-ամյա տղամարդու՝ այդ գործողությունների ընթացքում ընկել էր, ինչի հետևանքով ձեռքին եղած դանակով ուսի շրջանում վնասել էր ինքն իրեն։

«Պարզեցինք, որ դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, որտեղ 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել էր անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն»,-ասում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։

32-ամյա պեմզաշենցու խոստովանությունից հետո ոստիկանները ձերբակալեցին նաև 41-ամյա տղամարդուն։

32-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով դանակ ու կոշիկներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

32-ամյա և 41-ամյա տղամարդիկ կալանավորվել են։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հ.Գ.Պեմզաշենում Զարինե Մելիքսեթյանի մասին միայն դրական խոսքեր էին ասում: Դրական էին արտահայտվում նաև իրավապահների կատարած ծավալուն աշխատանքի մասին:

«Զառան հայ կնոջ օրինակելի կերպար էր։ Աշխատասեր, ընտանիքին նվիրված, լավ մայր… Էս դեպքից հետո կարծես ամբողջ գյուղը մշուշի մեջ լիներ։ Ոչ ոք չէր մտածում, որ էս առեղծվածային սպանությունը կարող է բացահայտվել։ Մեր ոստիկանությունը, քննչականը, քրեականը, ազգային անվտանգությունը, բոլորը… Իրենց շնորհիվ այս ամենը բացահայտվեց։ Հանցագործը ձերբակալվեց։ Մեր բնակչության խիղճը մի քիչ հանգստացավ»,-ասում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։

«Մենք ականատես ենք եղել, թե ինչ դաժան ու ծանր աշխատանք տարան բոլոր տղաները՝ 24 ժամ շարունակ, ամբողջ այս օրերի ընթացքում, համագործակցված մեզ հետ։ Դպրոցը, ամբողջ կոլեկտիվով, միշտ կողքներին ենք եղել: Շատ շնորհակալ ենք բոլոր աշխատակիցներին, բոլորին։ Մեր համակարգը գործեց օպերատիվ, որ ստացանք այս արդյունքը»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
25 Հունվարի 2023
22 և 35 տարեկան քույրերը Երևանի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրել (ՎԻԴԵՈ)
22 և 35 տարեկան քույրերը Երևանի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրել. ՎԻԴԵՈ
14:59
25 Հունվարի 2023
Հայրը բռունցքով հարվածել է դստեր դեմքին ու հրացանով կրակել է. 36–ամյա կինը դիմել է ոստիկանություն
Հայրը բռունցքով հարվածել է դստեր դեմքին ու հրացանով կրակել է. 36–ամյա կինը դիմել է ոստիկանություն
22:10
24 Հունվարի 2023
Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի (ՎԻԴԵՈ)
Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի. ՎԻԴԵՈ
15:44
24 Հունվարի 2023
Երևանում պարեկները նկատել են կասկածելի վարքագծով վարորդի ու հայտնաբերել ատրճանակներ, փամփուշտներ, թմրանյութ (ՎԻԴԵՈ)
Երևանի պարեկներն նկատել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա վարող մի տղամարդու, որի վարքագիծը կասկածելի էր թվացել. ՎԻԴԵՈ
11:53
24 Հունվարի 2023
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Երկու մարդ է մահացել Ստամբուլի հայկական եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով
10:48
24 Հունվարի 2023
Լոռիում 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով
Սարսափելի դեպք Լոռիում. 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով
10:49
23 Հունվարի 2023
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
20:06
21 Հունվարի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում
Ողբերգություն Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի
12:38
21 Հունվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակություն. ՎԻԴԵՈ
22:16
20 Հունվարի 2023
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել շենքում. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ. ՖՈՏՈ
15:22
20 Հունվարի 2023
Փլվածքի հետևանքով քաղաքացի է մահացել
Քաղաքացին դուրս են բերել հողաշերտի տակից, ԲԿ–ում արձանագրվել է վերջինիս մահը