Ողբերգական ավտովթար–վրաերթ Երևանում․ Porsche–ի վարորդը 1 օր անց հայտնաբերվել է, պարզվել է, որ եղել է ոչ սթափ
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, շժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և մահացածի ինքնությունը։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, քննիչների և ոստիկանների օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է երեկ Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։
Կայքի հաղորդմամբ, պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռ․ Ն․–ն, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։ Ռ․Ն․–ն ենթարկվել է սթափության փորձաքննության , եղել է ոչ սթափ։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։