Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 35-ամյա քաղաքացին Nissan X-Trail-ով տապալել է գազախողովակի սյուները

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղազարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Բախման արդյունքում գազախողովակը կոտրվել է և սկսվել է ուժեղ գազի արտահոսք։ Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր նշված հատվածում դադարեցրել են գազամատակարարումը, մինչև վերանորոգեն վթարված խողովակը։ Գյուղը ժամանակավորապես գազազրկված է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, և դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։-0-