Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում ոստիկանական միկրոավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում ոստիկանական միկրոավտոբուսը։ Ոստիկանության ծառայողական ավտոմեքենան այրել են ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խմբի անդամները։
Ավելի վաղ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը lragir.am–ին տեղեկացրել է, որ նրանք գնացել են այս քայլի` ի նշան բողոքի։ Մեքենան հրդեհել են ոստիկանության դիրքերից 15 մետրի վրա: Բացի այդ, վայր է գցվել անօդաչու թռչող սարք։
ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խումբը ոստիկանական միկրոավտոբուս է այրել>>
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–