Ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները պետք է պատժվեն. Ալավերդյան

25.07.2016, 15:44
ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ, հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։
Ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները պետք է պատժվեն. Ալավերդյան
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության ներկայացուցիչները բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ, հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Հուլիսի 21-ի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

«Անձամբ ես տեսել եմ ոստիկանության կողմից ծեծված ցուցարարների։ Նման արարքները չպետք է անպատիժ մնան», – երկուշաբթի ընդգծեց Ալավերդյանն ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` հարկավոր է, որպեսզի իրավասու մարմինները պահպանեն մեղավորներին պատժելու գործընթացի թափանցիկությունը, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ վերջիններս չեն մնա անպատիժ և կհեռացվեն պաշտոններից։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։–0–