Երևանում բախման հետևանքով 34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում. ԱՆ

21.07.2016, 11:01
Տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում:
Երևանում բախման հետևանքով 34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում, նշվում է հաղորդագրության մեջ։

«Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած շարունակում է հիվանդանոցային բուժումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Չորեքշաբթի գիշերը ոստիկանները հաշված րոպեների ընթացքում ցրեցին ցուցարարներին ՊՊԾ գնդի գրավված շենքի տարածքից։ Գործողությունները սկսվեցին երկու զգուշացումից հետո։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։

Ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել։

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ –0–