Թեհրանը որևէ նոր բան չի տեսնում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում ներկայացված տեղեկատվության մեջ և կարծում է, որ արևմտյան գործակալությունների կողմից այդ փաստաթղթի մի շարք հատվածների հրապարակումը միայն վնասեց միջազգային կազմակերպության հեղինակությանը, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հավասարակշռված չէ, ոչ մասնագիտական է և ունի քաղաքական դրդապատճառներ», - հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանին՝ նշելով, որ զեկույցը տարածվել է, «չնայած, որ Իրանը պատրաստ է բանակցել»:
Իրանի միջուկային ծրագրի մասին զեկույցում, որի հատվածները երեքշաբթի հրապարակել են արևմտյան գործակալությունները, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը մինչև 2003 թ.-ը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է տարել, նման գործունեություն կարող է իրականացվել նաև այսօր:
ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, թե Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի մշակմանն ուղղված աշխատանքներ է տարել, իրականացրել է այլ հետազոտություններ և փորձնական ծրագրեր այդ ոլորտում, նշում է «Ռոյթեր» գործակալությունը:
Զեկույցը, որի պատճենները ստացել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները, բաղկացած է ավելի քան 1000 էջից, որտեղ ներկայացված է տասը երկրների հետախուզական և այլ տեղեկատվություն, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի սեփական տեղեկատվությունը, նշում է «Ասոշիեյթիդ Փրեսը»: Գործակալությունը չի նշում այդ պետություններին:
Աշխատանքներ տանելով միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ՝ Իրանն աջակցություն է ստացել «գաղտնի միջուկային ցանցից», նշում է «Ֆրանս Փրեսը»:
ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից հայտարարել է, որ դեռևս չի ստացել զեկույցի ամբողջական տեքստը:-0-