Mitsubishi Heavy Industries Russia ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

20.07.2022, 12:40
Mitsubishi Heavy Industries Russia ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում
Mitsubishi Heavy Industries Russia ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ, հաղորդում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները:

Յասուշի Կակիտսուկան իր հերթին մանրամասնել է ընկերության գործունեության ուղղություններն ու ոլորտները, նախանշել փոխգործակցության հնարավոր սցենարները:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է լուրջ կամուրջ հանդիսանալ նոր բիզնես կապերի ձևավորման և գործունեության ծավալման համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ են փոխանակվել նաև տեխնոլոգիական ընկերությունների հետ հանդիպումներ կազմակերպելու, ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ։

«Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարության հետ գործակցության ուղիներ նախանշել, որոնց հստակեցումից հետո անմիջապես գործունեություն ծավալել Հայաստանում։–0–