Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է

08.07.2021, 12:22
Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է
Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում. կարգավորիչը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ: 

Նշենք, որ արդեն մի քանի օր է մամուլում հայտնվում են տարբեր հրապարակումներ շուկայում շաքարավազի ոչ բավարար քանակի մասին։ Քաղաքացիները բողոքում են, որ խանութներում շաքարավազ չկա, ոմանք էլ նշում են, որ շաքարավազի գինը բարձրացել է։ 

Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ: 

«Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում:

Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ: Հարկ է նշել, շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հիշեցնում է, որ օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ մի շարք ապրանքների, այդ թվում շաքարավազի գների մոնիթորիգի արդյունքների վերաբերյալ, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

«Հորդորում ենք արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանը ապակողմնորոշող մեկնաբանություններից», – նշում են հանձնաժողովից:–0–