Սաբոտա՞ժ, թե՞...ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է ձվի գնի աճի չորս վարկած (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ձվի շուկայում առաջացած դեֆիցիտը կարող է սաբոտաժի արդյունք լինել։
Այս մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Իրականում ձվի գինն իջավ, դրա մասին խոսում են փաստերը։ Խոշոր տնտեսվարող սուբյեկտները, ովքեր մեր տիրույթում են գտնվում, օրական շուրջ 860–900 հազար ձու էին բաց թողնում, և ձվի գինը դարձավ 62–64 դրամ», – ասել է Գևորգյանը։
Արձագանքելով այն դիտարկմանը, որ նախօրեին Երևանի կենտրոնի որոշ խանութներում անգամ 200 դրամով ձու է վաճառվել` Գևորգյանը նշել է, որ փոքր ձվերը շատ արագ են սպառվել, և խանութները մնացել են տուփերով և հատուկ ֆերմային ձվեր, որոնք Զատկից առաջել են բավականին թանկ վաճառվել։
Նա նաև տեղեկացրել է մարտի վերջին հարուցված վարույթի առաջին տվյալների մասին։
«Առաջին տվյալները ցույց են տալիս, որ առևտրային ցանցերի մարժաների փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն առևտային ցանցերը գները չեն բարձրացրել։ Հիմա քննարկվում է երկու վարկած` արդյոք կա՞ խոշորների կողմից արհեստական դեֆիցիտի նպատակ, օբյեկտի՞վ է, թե՞ արհեստական, արդյոք կա՞ գնի չարաշահում դեֆիցիտի ստեղծման հիմքով և արդյոք կա՞ն կազմակերպություններ, որոնք ձուն շուկայից դուրս են բերում, որպեսզի նման վիճակ ստեղծեն։ Եթե այս հարցերի պատասխանը եղավ դրական, ապա հասնում է պատասխանատվություն, եթե` չէ, ուրեմն օբյեկտիվ է», – նշել է Գևորգյանը։
Նա ուշադրություն է դարձրել մի կարևոր հանգամանքի վրա։
«Անցած տարի, երբ մենք հակամրցակցային պայմանավորվածության համար տուգանեցինք տնտեսվարողներին` գինն էականորեն իջեցնելու համար, այսինքն գինն այնքան էր իջել, որ նույնիսկ 18 դրամով ձու կար շուկայում, մենք ասում էինք, որ սա լավ չի, որովհետև ձվի էժան գինը բերելու է փոքր տնտեսվարողներին շուկայից դուրս մղելուն, և դրա հետևանքները միշտ լինում է գնի բարձրացում, և այս խնդիրները պետք է կարգավորել», – նշել է Գևորգյանը։
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե հնարավո՞ր է մենք գործ ունենք սաբոտաժի հետ։
«Եթե սաբոտաժ ասելով` մենք հասկանում ենք արհեստական դեֆիցիտը, միգուցե` այո, որովհետև դա վարկածներից մեկն է, որը պետք է նայենք, այսինքն տնտեսվարողները, որոնք դիտավորյալ շուկա բաց չեն թողնում ապրանք, որպեսզի շուկայում ստեղծեն դեֆիցիտ` չարաշահումներ իրականացնելու նպատակով։ Դա վարկածներից մեկն է, որը քննարկվում է». – ընդգծել է նա։
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանում ձվի գինը կտրուկ աճել է, ընդամենը մի քանի օրում ձվի գինը 60 դրամից դարձել է մոտ 140 դրամ։ Ընդ որում բազմաթիվ խանութներում պարզապես ձու չկա կամ վաճառվում է սահմանափակ քանակությամբ` յուրաքանչյուրին 10 հատ։–0–