Նախորդ տարի Հայաստանում ընդամենը 2 ոլորտում է աճ գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է. Փաշինյան

11.02.2021, 13:11
Վարչապետը նաև նշեց, որ կա մի վատ ցուցանիշ՝ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով
Նախորդ տարի Հայաստանում ընդամենը 2 ոլորտում է աճ գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նշեց, որ նախորդ տարի Հայաստանու ընդամենը 2 ոլորտում է աճ գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։

«Նա նշեց, որ 2020-ի ընթացքում լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա», – ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով, անցած ամբողջ տարվա ընթացքում ամենատարբեր հարթակներում շահարկումների և փոթորկումների առարկա էր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի թեման։

«Հիմա արդյունքներն ամփոփված են, 2020-ին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել, ընդ որում, օրինակ՝ 2018-ի համեմատ՝ 2020-ին տրված վարկերը 6 անգամ գերազանցել են։ Եթե 2018-ին 5782 վարկ է տրամադրվել, 2020-ին 36 608 վարկ է տրամադրվել։ 2020-ի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, որ գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք։ Գյուղատնտեսությունն այն ոլորտներից է, որ աճ է գրանցել 2020-ին»,-ասաց նա։

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ կա մի վատ ցուցանիշ՝ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով։

«Ավանդական շուկաներում այս ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ այդ շուկաներում աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին, և մենք կանգնել են մի իրողության առաջ, որ մեր ընկերությունները օնլայն վաճառքի հարթակներում պատշաճ ներկայացված չեն, և օնլայն վաճառքի հարթակները բավարար չափով զարգացած չեն»,-ասաց նա։–0–