8 հայ գործարար ներառվել է Forbes-ի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայազգի 8 գործարար ներառվել է Forbes Russia ամսագրի` Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում:
Վարկանիշի 29-րդ տեղն է զբաղեցրել 53-ամյա գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: «Տաշիր» խմբի ակտիվներում են անշարժ գույքի 55 օբյեկտներ, այդ թվում` առևտրի կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ: 2018թ-ին ընկերությունների խմբի շահույթը կազմել է 172 մլրդ ռուբլի: Կարապետյանի ողջ ունեցվածքը գնահատվում է 3,7 մլրդ դոլար:
Վարկանիշի 32-րդ տեղում է «Մագնիտ» մթերային ցանցի հիմնադիր 51-ամյա Սերգեյ Գալիցկին (մինչ ամուսնությունը` Հարությունյան): 2018թ.-ի սկզբում Գալիցկին 138 մլրդ ռուբլով ՎՏԲ բանկին վաճառեց «Մագնիտի» իր բաժնետոմսերի մոտ 29%-ը: 2018թ-ի հունիսին նա Կրասնոդարում հիմնեց «ՍՆ Կապիտալ» ներդրումային հիմնադրամը: Գալիցկու ընդհանուր կապիտալը 3,5 մլրդ դոլար է:
44-րդ տեղը զբաղեցրել է 45-ամյա Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց), որի կապիտալը գնահատվում է 2,3 մլրդ դոլար: Նա Badoo ինտերնետ ծանոթությունների ցանցի հիմնադիրն է:
103-րդ տեղում է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր, նախկին ղեկավար 50-ամյա Ռուբեն Վարդանյանը` 950 մլն դոլար կապիտալով:
«ՌԵՍՈ» խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Սերգեյ Սարկիսովը և նրա կրտսեր եղբայրը` Նիկոլայը, զբաղեցրել են համապատասխանաբար 134–րդ և 135-րդ տեղերը: Նրանցից յուրաքանչյուրի կապիտալը գնահատվում է 800 մլն դոլար:
48-ամյա Ալբերտ Ավդոլյանը զբաղեցրել է վարկանիշի 146-րդ տեղը` 400 մլն դոլար կապիտալով: Ավդոլյանը «ՍԿԱՐՏԵԼ» ընկերության հիմնադիր և սեփականատերն է, որը զբաղվում է Mobile WiMAX տեխնոլոգիայով:
Վարկանիշը եզրափակում է ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ և հիմնադիր Դավիթ Յանը, ում կապիտալը գնահատվում է 500 մլն դոլար: -0-