«ՎԵՈՆ Արմենիա»–ի և Ucom–ի համակենտրոնացման գործընթացը կասեցված է (ՎԻԴԵՈ)

10.04.2020, 21:58
ՏՄՊՊՀ–ից հայտնել են, որ  «ՎԵՈՆ Արմենիա»–ի և Ucom–ի համակենտրոնացման գործընթացը կասեցված է. ՎԻԴԵՈ
 «ՎԵՈՆ Արմենիա»–ի և Ucom–ի համակենտրոնացման գործընթացը կասեցված է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է «ՎԵՈՆ Արմենիա»–ի (ապրանքանիշը` Beeline) և Ucom–ի համակենտրոնացման գործընթացի կասեցման մասին։

«Հանձնաժողովի բոլոր նիստերը, այդ թվում`  «ՎԵՈՆ Արմենիա»–ի և Ucom–ի համակենտրոնացման գործընթացը, 2020թ.–ի մարտի 19–ից կասեցվել են` հաշվի առնելով հանրային առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունն ու երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը», – ուրբաթ հայտարարեց Գեղամ Գևորգյանը Հայկական միասնական տեղեկատվական հարթակում։ 

Նրա խոսքով, հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություն, ուսումնասիրվել է ավելի քան 600 փաստաթուղթ, կազմակերպվել են հանդիպումներ երկու կողմերի հետ, կայացել է առաջին նիստը, որի արդյունքները հրապարակվել էին։ 

«Տեղի են ունեցել քննարկումներ ոլորտում գործող այլ ընկերությունների, հասարակական կազմակերպությունների հետ։ Այս պահին աշխատանքները շարունակվում են», – մեկնաբանել է գործընթացը Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ երեկ Ucom–ում տեղի ունեցած իրադարձությունները որևէ կապ չունեն հանձնաժողովի որոշման հետ։

Ինչպես ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալին, Ucom հեռահաղորդակցական ընկերության ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է գրել։ Պատճառն այն է, որ Ucom-ի ղեկավարների և ակցիոներների միջև հակասություններ են ծագել: Տարբեր աղբյուրների տեղեկացմամբ, հակասությունները ծագել են այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

«Հանձնաժողովը դեռ չի ավարտել ուսումնասիրությունը, չկա որոշում։ Հանձնաժողովը չունի վերջնական դիրքորոշում, ուսումնասիրություններն ու քննարկումները շարունակվում են, արդյունքների մասին կհայտարարենք», – նշեց հանձնաժողովի ղեկավարը։

2019 թ.-ի դեկտեմբերի 27-ին ՎԵՈՆ Արմենիան, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom-ին բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավելի ուշ երկու ընկերություններն էլ պաշտոնապես հաստատեցին հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–