«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Արվեստի ակադեմիա է բացվել

03.04.2015, 20:00
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Արվեստի ակադեմիա է բացվել Բյուրական գյուղում, որտեղ գտնվում է աշխարհահռչակ աստղադիտարանը։
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Արվեստի ակադեմիա է բացվել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Արվեստի ակադեմիա է բացվել Բյուրական գյուղում, որտեղ գտնվում է աշխարհահռչակ աստղադիտարանը։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը։

«Շատ կարևոր է Հայաստանում նման կառույց ունենալը, քանի որ մենք ունենք տաղանդավոր երեխաներ, իրականացվում է մշակութային փոխանակում, կազմակերպվում են փառատոներ, որոնց մասնակցում են տաղանդավոր երաժիշտներ։ Սակայն մենք չունեինք նմանատիպ ակադեմիա։ Դա պակասող օղակ էր», – ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ ակադեմիայում կուսանեն տաղանդավոր երեխաներ։ «Սա հիանալի նախաձեռնություն է, որն արդյունքներ կունենա։ Լավ է նաև, որ ակադեմիան Երևանում չէ», – ասաց մշակույթի նախարարն` ավելացնելով, որ այնտեղ կանցկացվեն նաև փառատոներ և վարպետության դասընթացներ։

«Կփորձենք Բյուրականը վերածել արվեստի կենտրոնի։ Սա դեռ սկիզբն է, մոտակայքում կկառուցվի մոտ 1000 հանդիսատեսի համար նախատեսված համերգային դահլիճ», – իր հերթին ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր և նախագահ Ստեփան Ռոստոմյանը։

Նախօրեին Երևանում համերգներ ունեցած Կիսինն իր հերթին ասաց, որ համերգից ստացած հոնորարի մեծ մասն ուրախությամբ է նվիրաբերել Ակադեմիայի համար դաշնամուր գնելուն։

«Սրտանց աջակցել եմ այս նախագծին։ Ցանկացած նախաձեռնության հաջողության համար, առաջին հերթին, հարկավոր է խանդավառություն, ինչ–որ բան անելու ցանկություն», – ասաց Կիսինը։

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի 15–ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշակութային միջոցառման անցկացման գործում մեծ ներդրում կատարելու համար պարգևատրվել է ոսկե մեդալով։

«Երևանյան հեռանկարներ» փառատոնը հիմնադրվել է 2000 թվականին և ընդհուպ մինչև 2010 թվականը կոչվում էր «21-ի հեռանկարներ»։ Սա առաջին փառատոնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ։ 2008 թվականից փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ –0–