«Լևիաթան» ֆիլմը ռուսական վարձույթում ցուցադրվում է խլացված ձայնով

04.02.2015, 18:48
Կաննի փառատոնի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» մրցանակ ստացած «Լևիաթան» ֆիլմը ռուսական վարձույթում կհայտնվի խմբագրված տարբերակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լևիաթան» ֆիլմը ռուսական վարձույթում ցուցադրվում է խլացված ձայնով

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Կաննի փառատոնի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» մրցանակ ստացած «Լևիաթան» ֆիլմը ռուսական վարձույթում կհայտնվի խմբագրված տարբերակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնել են «Նոն ստոպ փրոդաքշն»–ի մամուլի ծառայությունից, ֆիլմը կցուցադրվի միանգամից 650 էկրաններին։ Կինոյում ոչ նորմատիվ բառապաշարի մասին օրենքի համաձայն` կինոնկարի հեղինակային տարբերակի որոշ հատվածներում տեղ–տեղ, որտեղ անպարկեշտ բառեր են հնչում, ձայնը կխլացվի։

Մոսկվայում ֆիլմը կցուցադրվի ավելի քան 70 կինոթատրոնում, այդ թվում`«Կարո ֆիլմ», «Սինեմա Սթար», «Լյուկսոր», «Ֆորմուլա կինո», «Քրոնվերք Սինեմա», «Սինեմա պարկ» կինոթատրոններում։

«Լևիաթանը» եվրոպական կինոփառատոների մի ողջ «փունջ» է հավաքել` Լոնդոնի 58-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակ, Մյունխենի կինոփառատոնի գլխավոր մրցանակ, սերբական Պալիչի կինոփառատոնի գլխավոր մրցանակ, Եգիպտոսի փառատոնի գլխավոր մրցանակ, «Ոսկե գլոբուս»։ «Լևիաթանը» նաև առաջադրվել է բրիտանական BAFTA և «Օսկար» մրցանակների` «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ամերիկյան վարձույթում ֆիլմը ցուցադրվել է դեկտեմբերի 25-ին։ Ռուսական վարձույթի պաշտոնական մեկնարկից մեկ ամիս առաջ համացանցում տեղադրել էին ֆիլմի ոչ օրինական տարբերակը։ Արտահոսքը  եղել էր «Օսկարի» կարճ ցանկում հայտնվելուց անմիջապես հետո։

«Լևիաթանը» սուր բանավեճի թեմա էր դարձել ռուս հասարակության շրջանում։ Ռեժիսորին մեղադրում էին ռուսատյացության և Ռուս ուղղափառ եկեղեցու հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Ֆիլմի ռեժիսոր Զվյագինցևը վստահ է, որ պետք չէ ֆիլմը քաղաքականացնել։ Նա կարծում է, որ կինոնկարում բարձրացված հարցերը արդիական են ոչ միայն Ռուսաստանում, այլև` աշխարհի ցանկացած անկյունում։-0-