Էստոնացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես կբացվի Երևանում 2015թ.–ի հունիսին

09.12.2014, 18:39
Էստոնացի նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը կբացվի 2015 թվականի հունիսին Երևանում, հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։
Էստոնացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես կբացվի Երևանում 2015թ.–ի հունիսին

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էստոնացի նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը կբացվի 2015 թվականի հունիսին Երևանում, հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

«Էստոնացի վարպետները կժամանեն Երևան մեր հրավերով և կներկայացնեն իրենց աշխատանքները հայ արվեստասերներին»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հարությունյանը։

Ըստ նրա` համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հայ նկարիչների` 2014 թվականի ապրիլին կայացած «Քայլող հետքեր. Հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսի ժամանակ։

Տալլինի ցուցահանդեսն անցել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Էստոնիայի մշակույթի նախարարության և այդ երկրի կառավարության մշակույթի հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորչական օժանդակության շնորհիվ, Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնացի գրաֆիկների ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Հարությունյանը նշեց նաև, որ հիմնադրամի` 2015 թվականի ծրագրերում է նաև ժամանակակից գերմանական նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։

«Այդ ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերին։ Այս պահին բանակցություններ են տարվում Հայաստանի ազգային պատկերասրահի հետ հենց այնտեղ ցուցահանդես անցկացնելու նպատակով»,– ասաց հիմնադրամի նախագահը։

Նա նաև ընդգծեց, որ հեռացող տարին բավականին արգասաբեր էր հիմնադրամի համար, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, անցկացվել են ցուցահանդեսներ, մասնավորապես, արտերկրում։
«Այս տարի մենք իրականացրել ենք 7 նախագիծ, իսկ հաջորդ տարի ծրագրում ենք իրականացնել 14 ծրագիր»,– նշեց Հարությունյանը։

Նկարիչ Նարեկ Ավետիսյանը, ով ակտիվ համագործակցում է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հետ, իր հերթին նշեց, որ իր համար այս տարի հատուկ նշանակություն ունեին «Սիմուլակրում» և «Մինաս ու Նարեկ Ավետիսյաններ. Մոդեռնն ու ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսները։

Ռեժիսոր և դերասանուհի Արմինե Անդան նշեց, որ շատ շնորհակալ է հիմնադրամին ցուցահանդեսների ընթացքում հայ ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայնը» ֆիլմի ցուցադրության համար, որտեղ նա գլխավոր դեր է կատարել և հանդես է եկել որպես սցենարի հեղինակ։

«Մենք շնորհակալ ենք «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամին տրամադրած հնարավորության համար, քանի որ մեր ֆիլմը վիզուալ ժանրի ֆիլմ է, և Հայաստանում նմանատիպ ժապավեններ ցուցադրելը փառատոներից դուրս դժվար է»,– ասաց Անդան։

Հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը նշեց, որ մշակութային ոլորտում համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

«Շատ ուրախ եմ, որ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի օժանդակությամբ ինձ հաջողվել է ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունն արտերկրում»,– ասաց երաժիշտը։
Նա ավելացրեց, որ մտադիր է շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ և այդ կապակցությամբ 2015 թվականին մտադիր է համերգ ունենալ Հալլե քաղաքում։

2012 թվականին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակը Հայաստանի և այլ երկրների միջև մշակույթի փոխանակման, հայ և օտարերկրացի արվեստի գործիչների միջև երկխոսության կայացման և ամրապնդմանն օժանդակելն է։ -0-