ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները մտադիր են մասնակցել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ֆինանսավորմանը, հայտարարեց «Աշխարհի մարդիկ» հայերի պատմամշակութային ժառանգության աջակցության և զարգացման հիմնադրամի հիմնադիր Ստեֆան Հեքիմյանը:
«Մենք հիմա պատրաստվում ենք «Ոսկեհատ» վերնագրով ֆիլմ նկարահանել, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Այն ժամանակակից ֆիլմ է, ժամանակակից իրադարձությունների մասին՝ անցյալի արձագանքներով: Նախագիծը ներկայացվել է թուրքական իշխանություններին, և իշխանության որոշ ներկայացուցիչներ համաձայնել են 50 տոկոսով հովանավորել ֆիլմի նկարահանումները», - ասաց Հեքիմյանը ուրբաթ «Արարատն է վկա» երաժշտական տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ ֆիլմի ստեղծման աշխատանքներին կմասնակցեն համաշխարհային աստղեր, իսկ նկարահանումները կսկսվեն մեկ տարուց:
«Ֆիլմի բյուջեն կկազմի 10-12 մլն դոլար, քանի որ կնկարահանվեն համաշխարհային կինեմատոգրաֆի աստղեր, որոնց անունները մենք չենք հրապարակում», - ավելացրեց Հեքիմյանը:
Նա ընդգծեց, որ ֆիլմն անգլալեզու կլինի:
Նոր ֆիլմի սցենարի հեղինակը Լիլիթ Մկրտչյանն է, ռեժիսորը կարող է լինել երիտասարդ հայ ռեժիսոր Սերժ Գաբյանը, ով հիմնականում տեսահոլովակներ է նկարահանում:-0-