Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր

13.10.2014, 13:37
Հոկտեմբերի 15-20-ը Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը` նախարար Բորիս Սվետլովի գլխավորությամբ, կայցելի Հայաստան:
Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 15-20-ը Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը` նախարար Բորիս Սվետլովի գլխավորությամբ, կայցելի Հայաստան:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, այցի ընթացքում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը, նույն օրը՝ ժամը 17:00-ին Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի Բելառուսի ժամանակակից արվեստի կենտրոնի գրաֆիկայի լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 18-ին ստեղծագործական պատվիրակությունը (Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը) ելույթ կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Այցի ընթացքում նախատեսվում է բելառուսական պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարաններ, ինչպես նաև Գեղարդի վանական համալիր և տեսարժան այլ վայրեր:-0-