Հայ դպրոցականներն ուժերը չափել են Շեքսպիրի մասին իրենց գիտելիքներով

21.03.2014, 20:00
Մայրաքաղաքի և մարզերի 7 դպրոցների աշակերտներ մասնակցել են «Իմ Շեքսպիրը» մրցույթին, որի շրջանակներում իրենց ուժերն են  չափել մեծանուն դրամատուրգի կյանքի պատմության և ստեղծագործության մասին իրենց գիտելիքներով։
Հայ դպրոցականներն ուժերը չափել են Շեքսպիրի մասին իրենց գիտելիքներով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մայրաքաղաքի և մարզերի 7 դպրոցների աշակերտներ մասնակցել են «Իմ Շեքսպիրը» մրցույթին, որի շրջանակներում իրենց ուժերն են  չափել մեծանուն դրամատուրգի կյանքի պատմության և ստեղծագործության մասին իրենց գիտելիքներով։

Մրցույթի ժյուրիի անդամներն էին ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը, ԵՊՀ դասախոս, Օքսվորդի համալսարանի շրջանավարտ Անի Կոջոյանը, Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ՀՀ–ում Բրիտանական խորհրդի մամուլի քարտուղար Արևիկ Բադալյանը։ Մրցույթն անցկացվեց երկու փուլով, առաջին փուլում դպրոցի աշակերտները պատասխանում էին Շեքսպիրի կենսագրությանն ու ստեղծագործություններին վերաբերող հարցերին, իսկ երկրորդ փուլում նրանք պետք է ներկայացնեին 5 րոպե տևողությամբ բեմադրություն` ներկայացնելով դրամատուրգի ստեղծագործությունները ժամանակակից մշակմամբ։

«Ես ձեզ պես սիրում եմ Շեքսպիրին և շատ հուզված եմ այս մրցույթի կապակցությամբ։ Դուք բոլորդ հիասքանչ եք, և ես համոզված եմ, որ բոլորդ ինձնից շատ բան գիտեք Շեքսպիրի մասին։ Միակ բանը, ինչ ուզում եմ ասել` սիրեք Շեքսպիրին և տարենք այդ սերը ձեր ողջ կյանքի ընթացքում, քանի որ այդ սերը ձեր կյանքն ավելի հարուստ կդարձնի», – ասել է Քեթրին Լիչը։

Մրցույթի հաղթողները ստացան eReader-ներ, իսկ բոլոր մասնակիցները` խրախուսական մրցանակներ։–0–