Հայ ռեժիսոր Արա Արուշի «Որսորդ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մանհեթենի միջազգային կինոփառատոնում

03.03.2014, 17:21
Հայ ռեժիսոր Արա Արուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մանհեթենի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ասվում է ժապավենի` Facebook սոցիալական ցանցի էջում։
Հայ ռեժիսոր Արա Արուշի «Որսորդ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մանհեթենի միջազգային կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ռեժիսոր Արա Արուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը լավագույնն է ճանաչվել Մանհեթենի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ասվում է ժապավենի` Facebook սոցիալական ցանցի էջում։

Փետրվարի 28–ից մարտի 2–ն անցկացված  կինոփառատոնի այդ անվանակարգին մասնակցելու համար ներկայացվել էին 130 ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմեր, սակայն ընտրվել է միայն 12–ը։

«Որսորդ» ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմի հերոս, հարբեցող Նելսոնի մասին, ով ապրում է խուլ գյուղերից մեկում։ Նրա կնոջ ու նորածին որդու միակ կերակրող կովին սպանում է սոված գայլը։ Իր հարուստ եղբոր մոտ փոխելով սեփական մեդալները երեք փամփուշտի` որսորդը գնում է որսի, որ երեք գայլի և եղջերվի մորթի ձեռք բերի, ինչի համար եղբայրը նրան նոր կով է խոստանում։ Նելսոնն այդ երեք փամփուշտներով գնում է անտառ որսորդության։

Ֆիլմի սցենարի հեղինակն Արա Արուշն է, բեմադրող օպերատորը` Վազգեն Մուրադյանը, կոմպոզիտորը ` Եվգենի Միլովանովը։ Ֆիլմի գլխավոր դերերը խաղացել են Արմեն Գրիգորյանը, Աննա Արուշը և Էդվարդ Շահնազարյանը։ Ժապավենում հերոսները շփվում են բանաստեղծական հանգով։

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Արուշը (Առուշանյան) ծնվել է 1974 թվականին Ստեփանակերտում։ 1999 թվականից նկարահանել է հոլովակներ, հիմնել է Digidez Studio–ն և KenigArts Pictures։

Կաննի միջազգային կինոփառատոնից բացի, «Որսորդ» ֆիլմը ներկայացվել է նաև Մումբայի Ջագրան և Մերիլենդի «Ֆրեդերիկ» կինոփառատոներում, իսկ գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանը «Լավագույն դերասան» պարգևի է արժանացել Իսպանիայի Բադալոնի կինոփառատոնում։ -0-