Խաչատրյանի անվան տրիոն 2013թ.–ին ավելի քան 20 համերգ և վարպետության դաս է անցկացրել Հայաստանում` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ

19.12.2013, 14:00
Խաչատրյանի անվան տրիոն 2013թ.–ին ավելի քան 20 համերգ և վարպետության դաս է անցկացրել Հայաստանում` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ
Խաչատրյանի անվան տրիոն 2013թ.–ին ավելի քան 20 համերգ և վարպետության դաս է անցկացրել Հայաստանում` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ

Խաչատրյանի անվան տրիոն` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ (ապրանքանիշը` Beeline), 2013թ.–ին ավելի քան երկու տասնյակ համերգ և վարպետության դասեր է անցկացրել մայրաքաղաքի և Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների սաների համար, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը։

«Այս տարի «ԱրմենՏել» ընկերությունը և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամն ակտիվ մասնակցություն են ունեցել մայրաքաղաքի և հանրապետության մարզերի մշակութային կյանքում, մասնավորապես` մեծ հայ կոմպոզիտոր  Արամ Խաչատրյանի 110–ամյակի տոնակատարության շրջանակում»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շահգալդյանը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշեց, որ իրենց ընկերության և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ գործընկերությունը արդեն երեք տարվա պատմություն ունի, և այդ ընթացքում հարյուրավոր օժտված երեխաներ կրթաթոշակներ են ստացել և դասեր` հայտնի երաժիշտների կողմից, հայտնում է telecom.arka.am կայքը։

«Դասական երաժշտության ստեղծագործությունը կարելի է ունիվերսալ լեզու անվանել, որը որտեղ էլ հնչի, թարգմանության կարիք չունի։ Այդ հիանալի արվեստը համախմբում է մարդկանց, բարելավում մեր կյանքը։ Իր սոցիալական ծրագրերով «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է կյանքի հունը փոխել դեպի դրական կողմ։ Մենք հավատում ենք, որ տաղանդավոր երիտասարդ սերնդի համար գործադրած ջանքերն իրենց պտուղներ կունենան և հայկական երաժշտության արվեստում ի հայտ կգան նոր անուններ, որոնք կհամալրեն համաշխարհային դասական երաժշտության գանձարանը նոր երաժշտական գլուխգործոցներով»,–նշեց Պյատախինը։

Տրիոյի դաշնակահարուհի, Խաչատրյանի անվան տուն–թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ընդգծեց, որ միջոցառումները կշարունակվեն նաև 2014թ.–ին։

«Մեզ համար շատ կարևոր է և պատիվ է համագործակցել այնպիսի լուրջ կազմակերպության հետ, ինչպիսին է Beeline–ը, քանի որ դա լրացուցիչ ազդակ է մեր գործունեության զարգացման համար։ Հուսով ենք, որ «ԱրմենՏել» ընկերության օգնությամբ  մենք կկարողանանք գոնե փոքր–ինչ բարելավել իրավիճակը դասական երաժշտության կրթության բնագավառում»,– նշեց նա։

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է որպես «Arsika» տրիո 1999 թվականին։ Հյուրախաղեր է ունեցել Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Լիտվայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում։
Տրիոն սերտորեն համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ, ներկայացնում է նրանց նոր ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը նվիրվել են հենց այս երաժշտական կոլեկտիվին։ Երաժշտության ոլորտի քննադատները նշում են, որ տրիոն հանդես է գալիս վիրտուոզ կատարումներով, իրական երաժշտականությամբ և ոճի զգացումով։ 2006թ.–ից ի վեր ներկայանում է հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան  (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակահար), Կարեն Քոչարյան  (թավջութակահար)։

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը  2010թ.–ին հիմնել են Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները։  Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է դասական երաժշտության ոլորտում կրթական, լուսավորչական և բարեգործական ծրագրերին։ «ԱրմենՏել» ընկերությունը 2011թ.–ից հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը։

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–