Հայկական ծագումով Հոլիվուդյան հայ կինոգործիչներն ամփոփել են 2011թ.-ի աշխատանքների արդյունքները

16.12.2011, 15:42
Հայկական ծագումով Հոլիվուդյան հայ կինոգործիչներն ամփոփել են 2011թ.-ի աշխատանքների արդյունքները

Լոս Անջելեսում կայացած հանդիպման ժամանակ հայկական ծագումով Հոլիվուդյան հայ կինոգործիչներն ամփոփել են 2011թ.-ի աշխատանքների արդյունքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` հանդիպմանը ներկա են եղել այնպիսի հոլիվուդյան դերասաններ, ինչպիսիք են՝ Մարկո Խանը, Քեն Դավիդյանը, պրոդյուսերներ Վալերի Մըքքեֆրին, Կառլա Կարապետյանը, ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը, «Արփա» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը և այլոք:

Հանդիպման նպատակն էր ի մի բերել հայկական ծագում ունեցող գործիչների կողմից 2011 թվականի ընթացքում արված աշխատանքը, որը ներառում է անցնող տարվա ընթացքում էկրան բարձրացած ֆիլմերը, հայ սցենարիստների նոր գործերը, ամերիկյան նախագծերին հայ դերասանների մասնակցությունը, միջազգային փառատոններում ունեցած հաջողությունները:

Հավաքի ընթացքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը Սիլվիա Մինասյանին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության մեդալը, որին նա արժանացել է հայկական գետի անվամբ` Հոլիվուդյան չափանիշների միջազգային կինոփառատոն հիմնելու և հայաստանցի սկսնակ կինոգործիչների համար ճանապարհ հարթելու ջանքերի համար:

Տվյալ հանդիպումը կայացել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ: -0-