Առաջին ազգային կինոմրցանակը կհանձնվի մինչև տարեվերջ

08.06.2011, 16:30
Առաջին ազգային կինոմրցանակը կհանձնվի մինչև տարեվերջ

Հայկական առաջին կինոմրցանակաբաշխությունը Հայաստանում կկայանա, հավանաբար, նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ մրցանակի նախնական անվանումն է «Պեպո»:

«Պեպոն» հայկական առաջին ձայնային գեղարվեստական ֆիլմն է, որը նկարահանվել է 1935 թվականին Համո Բեկնազարյանի կողմից «Հայֆիլմ» կինոստուդիայում:

«Մրցանակի անվանումը պետք է հեշտությամբ արտասանվի և հիշվի, սակայն եթե հայտնվեն նոր, ավելի հետաքրքիր գաղափարներ, մենք պատրաստ ենք դրանք դիտարկել»,- հավաստիացրեց Գևորգյանը: Նա ավելացրեց, որ ազգային կինոմրցանակի անվանումը հաստատվում է մեկ անգամ, այդ պատճառով պետք է ընտրել առավել հարմար տարբերակ:

Ըստ նրա, կինոմրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, և շուտով ողջ տեղեկությունը կներկայացվի մամուլում:

«Այս փուլում բանակցություններ են տարվում հովանավորների հետ մրցանակային ֆոնդի հարցերի վերաբերյալ, հստակեցվում են մրցանակաբաշխության պայմաններն ու սկզբունքները, ինչպես նաև՝ անվանակարգերը»,- ասաց Գևորգյանը:

Գևորգյանն ավելացրեց, որ մրցանակաբաշխության արարողությունը պետք է անցկացվի բարձր մակարդակով: «Ազգային կինոմրցանակաբաշխության արարողության անցկացման որակից է կախված դրա ողջ հետագա ճակատագիրը»,- ասաց Գևորգյանը: -0-