Էմմիի անհաջողությունը Եվրատեսիլում չարժե ողբերգականացնել. ՀՀՌ Խորհրդի նախագահ

11.05.2011, 15:33
Էմմիի անհաջողությունը Եվրատեսիլում չարժե ողբերգականացնել. ՀՀՌ Խորհրդի նախագահ
Էմմիի անհաջողությունը Եվրատեսիլում չարժե ողբերգականացնել. ՀՀՌ Խորհրդի նախագահ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հորդորել է ողբերգություն չդարձնել Էմմիի անհաջողությունը։

Վեց տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը չի ներկայանա Եվրատեսիլի եզրափակչում։ Եվրատեսիլ-2011 երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին երեքշաբթի Դյուսելդորֆում կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչի ուղեգիր չստացավ։

«Չարժե դա մեծ ողբերգություն դարձնել... Մենք բոլորս պետք է աջակցենք Էմմիին, քանի որ կյանքը շարունակվում է։ Նա պետք է շարունակի երգել, մասնակցել համերգների, այլ մրցույթների»,- չորեքշաբթի ասաց Հարությունյանը լրագրողներին։

«Հայաստանը 2005 թվականից մասնակցում է Եվրատեսիլին, և կարծես, ավանդույթ էր դարձել այն, որ մենք միշտ եզրափակիչ ենք անցել և միշտ տասնյակում ենք եղել։ Չեմ կարծում, որ Եվրոպայում այդքան մեծ թվով երկրներ կան, որոնք նման արդյունքների են հասել։ Բայց պետք չէ մոռանալ, որ սա մրցույթ է, և բազմաթիվ այլ պատճառներով կարող են տարբեր արդյունքներ լինել»,- ավելացրեց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ նախօրեին եզրափակիչ չի անցել նաև Թուրքիան։

Նա նշեց նաև, որ Էմմիի շրջագայությունը կազմակերպվել է բարձր մակարդակով, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մասնակցությամբ տեսահոլովակը նկարահանվել է Գերմանիայում է, որտեղ բռնցքամարտիկը մեծ ճանաչում է վայելում։
 
Հարությունյանը կարծում է, որ նման բան կարող է պատահել բոլորի հետ, և «չկա մի երկիր, որ կարող է խուսափել այդ հավանականությունից»։

Նա ժամանակավրեպ է համարել խոսելն այն մասին, թե ինչ համակարգով կանցկացվի հաջորդ Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը։ «Այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Մենք կմտածենք, կխորհրդակցենք մեր գեղարվեստական խորհրդի հետ»,- ասաց Հարությունյանը։

Էմմիին Եվրատեսիլ-2011 մրցույթին ուղարկելու մասին որոշումն առանց որևէ ազգային ընտրության ընդունվել էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ դեկտեմբերի 3-ին Հայաստանում կանցկացվի «Մանկական Եվրատեսիլը», որին մասնակցելու համար նույնպես պետք է կատարող ընտրվի։ -0-