Աշխարհի 1000 հայ գեներալների և ծովակալների մասին հանրագիտարան է լույս ընծայվել

06.05.2011, 19:53
Աշխարհի 1000 հայ գեներալների և ծովակալների մասին հանրագիտարան է լույս ընծայվել
Աշխարհի 1000 հայ գեներալների և ծովակալների մասին հանրագիտարան է լույս ընծայվել

Տիգրան Պետրոսյանցի և Գարեգին Ղազարյանի «1000 հայ գեներալներ և ծովակալներ» հանրագիտարանի շնորհանդեսն անցկացվեց ուրբաթ Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Հանրագիտարանի շնորհանդեսը նվիրված էր գրքի համահեղինակ, ականավոր հասարակական և քաղաքական գործիչ, ղարաբաղյան ազատագրական պատերազմի հերոս, Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Տիգրան Հայազնի (Պետրոսյանց) 60-ամյա հոբելյանին:
Ըստ հոբելյարի, հանրագիտարանում ներկայացված են աշխարհի 34 երկրների գեներալի և ծովակալի կոչում ստացած 1106 հայերի կենսագրությունները:

«Այդ եղել եմ այդ 34 երկրներից 23-ում՝ տեղեկություններ և արխիվային նյութեր փնտրելով: Արդյունքում ծնվեց հայ զորապետերի մասին պատմող այդ յուրատեսակ տոհմաբանական գիրքը»,- լրագրողներին ասաց Հայազնը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Տիգրան Հայազնի ևս երկու գրքեր՝ «200 հայ զորավարներ»  (Հրաչյա Պետրոսյանցի համահեղինակությամբ) և «Վարդենիսը»:

«200 հայ զորավարներ» հանրագիտարանը, ըստ հեղինակի, մի ողջ շարքի առաջին գիրքն է: «Առաջիկայում լույս կտեսնեն «200 հայկական ամրոցներ», «200 հայ թագավորներ» գրքերը»,- տեղեկացրեց նա:

«Վարդենիս» հանրագիտարանը նվիրված է Հայազնի հայրենի գյուղին՝ Վարդենիսին (Արագածոտնի մարզի Ապարանի շրջան): Ներկայացված է գյուղի պատմությունը, այդտեղ ապրող հանրահայտ և հասարակ մարդիկ: Ըստ հոբելյարի, «Վարդենիս» գիրքը նույնպես Ապարանի շրջանի 44 գյուղերին նվիրված շարքի առաջին հատորն է:

Հայազնի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ ընթերցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը, որից հետո նրան «Գարեգին Նժդեհ» մեդալ շնորհվեց:
Միջոցառմանը մասնակցեցին հայտնի հասարակական գործիչներ, գրողներ, ՊՆ ներկայացուցիչներ, գեներալներ: -0-